Ուկրաինացի տղամարդիկ փողոց դուրս չեն գալիս, որ չտանեն մարտերի. Կիևի իշխանության անհայրենասիրությունը․ հայացք ներսից

Մեկ շաբաթ է, ինչ ՌԴ տարածքում մարտեր են ընթանում։ 2.5 տարվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվեց գործողություններ իրականացնել հենց ՌԴ տարածքում։ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Լիպեցկի շրջանները, այսօր նաև Բելգորոդի շրջանները գտնվում են ռմբակոծության տակ։
Ըստ ուկրաինական կողմի՝ Կուրսկի մարզում մեկշաբաթյա մարտերի ընթացքում ռուսական զորքերին չի հաջողվել կասեցնել Ուկրաինայի զինված ուժերի գրոհը։ Գործողությանը մասնակցող ուկրաինական բրիգադները գրավել են Սուջա քաղաքը և առաջ շարժվել դեպի արևմուտք։
Ռուսական կողմը հայտարարում է հակառակի մասին՝ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանում կասեցվել է, հակառակորդի անձնակազմի մեծ մասը ոչնչացվել է, իսկ ռուսական ստորաբաժանումները տեղակայված են Սուջայում, այսինքն՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն չի վերահսկում քաղաքը. այնտեղ ակտիվ բախումներ են։
MediaHub-ը ուշադրության կենտրոնում է պահում ՌԴ–ում կատարվող իրադարձությունները: Նախօրեին զրուցել էինք Կուրսկի և Բելգորոդի խաղաղ բնակիչների հետ, որոնք նշել էին, որ վիճակը բավականին ծանր է, օկուպացված տարածնքներ, այո՛, արդեն կան։ Ըստ նրանց՝ ուկրաինական ԶՈՒ–ին հաջողվել է Կուրսկի տարածքից «կտոր պոկել», սակայն, ոչ Սուջա քաղաքը։
Այսօր MediaHub-ը կապ հաստատեց ուկրաինական սահամանմերձ քաղաքի բնակիչների հետ, մասնավորապես, զրուցեցինք Խարկովի բնակչի հետ: Վերջինս նշեց, որ քաղաքում անկումային, ահավոր տրամադրություններ են, մարդիկ հոգնել են, անգամ հույսները կորցրել են, որ մարտերը կվերջանան և խաղաղ օրերը կրկին կվերսկսվեն։
«Մարդիկ վախեցած են, չգիտեն՝ ի՞նչ է սպասվում իրենց մոտ ապագայում։ Խարկովի բնակիչները հոգնել են պատերազմից և պարզապես ուզում են խաղաղություն։ Մեր բակ մի քանի ժամանակ առաջ հրթիռ էր ընկել, ոչ մեկ չեկավ, չուսումնասիրեց, թե այդ ի՞նչ հրթիռ է եղել, ուղղակի չեն ցանկանում։ Չեն ուսումնասիրում թե այդ ո՞ւմ, ո՞ր կողմի հրթիռն է եղել, քանի որ գրեթե ամեն օր բախումներ են տեղի ունենում ուկրաինական կազմավորումների միջև»,– նշեց Խարկովի բնակիչը։
Ըստ նրա՝ ուկրաինական կազմավորումների միջև բախումներն այնքան շատ են, որ անգամ ՌԴ–ի հետ մարտերը չեն զգացվում քաղաքում և մերձակայքում, գերակշռոըմ են կազմավորումների միջև բախումները։
Իր հերթին, Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի բնակիչը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ իրենց քաղաքում վիճակը բարդ է։ Տղամարդիկ չեն ուզում գնալ ծառայելու և զոհվելու մարտերում։
«Տղամարդիկ անգամ փողոց դուրս չեն գալիս, մեր քաղաքում շատ տարածված է՝ փողոցում միանգամից ձեռքին «պավեստկա» են տալիս, և տանում են մարտերի ամենաթեժ վայրերը ու կապ չունի՝ այդ մարդը ինչ հիվանդություն ունի։ Մարդիկ զզված են Ուկրաինայի իշխանությունից, զզված են իրավիճակից, զզված են պատերազմից»,– նշեց մեր զրուցակիցը:
Ուկրաինացին նաև նշեց, որ 2.5 տարի առաջ տղամարդիկ փախնում էին երկրից, հիմնականում առաջին երեք օրը կարողացան դուրս գալ, իսկ մնացածը մնացին այն հույսով, որ իրենց չեն տանի ռազմի դաշտ։ Ըստ նրա՝ ուկրաինացիները, մասնավորապես, սահմանամերձ տարածքներում բնակվողները չեն ուզում պատերազմ, տարածքներն էլ իրենց պետք չեն, իրենք ուզում են հանգիստ ու խաղաղ կյանք, ինչը չես ասի, օրինակ՝ Կիևի բնակիչների մասին, որոնք, հակառակը ուզում են պատերազմ, ուզում են տարածքներ, և եթե Դոնեցկի շրջանում մարդիկ զզվել են իշխանությունից, ապա Կիևի ժողովուրդը՝ ոչ։
«Մենք չենք ուրախանում կամ չենք նշում այն, որ առաջին անգամ ուկրաինական ԶՈՒ–ն կարողացել է մտնել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Այն, ինչ տեղի է ունենում Կուրսկի շրջանում ահավոր է, սակայն այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի ներսում տարբեր ուկրաինական կազմավորումների միջև, դա ոչ ազգանվեր քաղաքականուոթյուն է իշխանությունների կողմից, անհայրենասիրություն է․․․»,– հավելեց Սլավյանսկի բնակիչը։
Հիշեցնենք, օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ուկրաինական ԶՈՒ–ն ներծուժել է ՌԴ տարածք, իսկ Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից շարունակվող մարտերի ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես ընդունել են, որ այնտեղ գործողություններ են իրականացնում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը «պատերազմը տեղափոխում է ագրեսորի տարածք»։ ՌԴ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 28 բնակավայր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, Ուկրաինայի ԶՈւ հարձակումների հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 121 մարդ: Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում քիմիական զենք են կիրառել, հակառակորդի ներթափանցման խորությունը 12 կիլոմետր է, լայնությունը ճակատում՝ 40 կիլոմետր:
Մարիաննա Արամյան