top of page

Առեղծվածային կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա

  • Writer: 24timeam
    24timeam
  • 2 days ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։  Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացու կողմից հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի Հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է անգիտակից վիճակում, վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 52/2 շենքից, իսկ այդ շենքն ավելի շատ հայտնի է «Անկախ մայլա թաղամաս» անունով։

Տեղում ծառայություն են կատարում նաև նույն վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանը, ավագ պարեկ Սամվել Սողոմոնյանն ու պարեկ Լևոն Գևորգյանը, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քրեական ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են «ՏՏ» տիպի ատրճանակ, պարկուճներ և ըստ նախնական տեղեկությունների՝ նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։

1/2065
bottom of page