top of page

Հայաստանի կողմից «Օսկարի» կներկայացվի էդգար Բաղդասարյան «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 5, 2024
  • 1 min read

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում կներկայացվի ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ 

Այս մասին հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան՝ ամփոփելով   ազգային ընտրության արդյունքները։ 


Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ճանաչվել է լավագույնը 5 անվանակարգում՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Տղամարդու լավագույն դերակատարում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն հնչյունային ձևավորում»։

Ֆիլմում Յաշայի դերում խաղացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը, ով «Անահիտ» մրցանակ է ստացել «Տղամարդու լավագույն դերակատարման» համար։

«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրության հայկական ֆիլմ է: Թեև վերնագրում քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևը անունն է նշված ու թվում է՝ այն քաղաքականության մասին պետք է լինի, սակայն այն քաղաքականության մասին չէ, այլ տարիքով մի հայ մարդու, որը 25-րդ համագումարում տեսել է Բրեժնևին։

«Ֆիլմը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ։  Յաշան արդեն թոշակի անցած մարդ է, ունի իր երևակայությունը, ինչպես բոլոր մարդիկ։ 25-րդ համագումարում հանդիպում է Բրեժնևի հետ, այդ մեկ անգամ կյանքում, երևի ձեռքն է բռնել կամ չի բռնել ու դրանից հետո Բրեժնևն ամեն քայլափոխի իր հետ է։ Նրան ոչ ոք չի տեսնում, բացի իրենից։ Շփվում է նրա հետ, խոսում, մարդիկ զարմանում են՝ ում հետ է խոսում այս մարդը, քանի որ մարդ չկա։ Իր աղջկա նշանադրությանը Բրեժնևը ներկա է։Բրեժնևը Յաշային հրավիրում է Մեծ թատրոն բալետ դիտելու, հրավիրում է պոլիտբյորոյի նիստերին, որտեղ պետական հարցեր են քննարկում»,-ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել է Արամայիս Սարգսյանը։ 

1/2063
bottom of page