«Կարծում եմ՝ հաջորդ անգամ կա՛մ կշրջանցի ՀՀ-ն, կա՛մ զուսպ կլինի հայերի հետ շփումներում»․ Թուրքիայի՝ հայհոյանքներ տված քաղաքացին ներողություն է խնդրել

Ոստիկանները բերման են ենթարկել հայհոյանքներ տված Թուրքիայի քաղաքացուն և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում: Այս մասին գրել է «Լոնդոն» հյուրանոցի սեփականատեր Գեւորգ Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում՝ պարզաբանում տարածելով միջադեպի հետ կապված:
«Այո, դեպքը տեղի է ունեցել մեզ պատկանող հյուրանոցում, ահազանգ տվողը ես եմ եղել։Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել «Լոնդոն» հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել են ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում։Ինձ համար արժանապատվության հարց է, երբ հատկապես Թուրքիայի քաղաքացին վիրավորում է իմ թիմակցին։ Ամեն ինչ ճիշտ եմ արել, արդյունքներից բավարարված եմ»,- գրել է նա։