top of page

ՊՊԾ աշխատակիցներն ԱԺ-ում քաշքշել են «Հրապարակի» լրագրողին, ճանկռել թևը՝ խոչընդոտելով նրա աշխատանքը

Այսօր հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովում, որը կապված է եղել նորից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հետ։

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Շահվերդյանը մոտեցել է նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ մի քանի հարց ուղղելու, նախարարն էլ դեմ չի եղել, որ պատասխանի լրագրողի հարցերին, բայց կանգնելու փոխարեն քայլել է՝ հընթացս պատասխանելով լրագրողի հարցերին։ Հասել են «Լաչինի միջանցք» կոչվող հատված, որով անցնելը նիստերի օրերին Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ արգելված է լրագրողներին, և ՊՊԾ աշխատակիցները սկսել են խոչընդոտել լրագրողին, որ նա չանցնի առաջ և չշարունակի հարցազրույցը արդեն միջանցքում՝ չնայած նրան, որ նախարարը դեմ չի եղել, որ լրագրողը իր հետ քայլելով հարցազրույց անի։ Բանը հասել է նրան, որ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները քաշքշել են կին լրագրողին՝ նրան պատճառելով ցավ և մարմնական վնասվածք։ 

«ՊՊԾ աշխատակիցն ասաց, որ իրավունք չունեմ անցնելու, ես հակադարձեցի, որ նախարարը դեմ չէ, ես մի հարց ունեմ իրեն տալու, ու մի քանի մետր քայլեցինք, կանգնեցինք միջանցքի պատուհանների տակ, և սկսեցի հարցեր տալ նախարարին։ Այդ ընթացքում անվտանգության աշխատակիցը, չգիտես ինչու, համառորեն հետևում էր ինձ, անգամ մեզնից մոտ մեկ մետր հեռավորության վրա էր կանգնել և անընդհատ ինձ ասում էր, որ դուրս գամ։ Նախարարն այդ ընթացքում ոչինչ չէր ասում, որ կողմ է կամ դեմ է, բայց պատասխանում էր իմ հարցերին։ Մի քանի հարցից հետո, սակայն, երբ նախարարին, հավանաբար, դուր չեկավ իմ հերթական հարցը, և նա առաջ շարժվեց, ես էլ փորձեցի ուղեկցել նրան քայլելով, ՊՊԾ աշխատակիցը թևս պինդ բռնեց ու քաշելով փորձեց դուրս հանել ինձ «Լաչինի միջանցքից»։ Ես ասացի՝ բաց թողեք ինձ, ես նախարարի հետ կքայլեմ, ինքը դեմ չի եղել, որ ես իր հետ քայլեմ, բայց ՊՊԾ աշխատակիցը ինձ դուրս հանեց միջանցքից՝ ասելով, թե նախարարը դեմ էր»,- MediaHub-ի հետ զրույցում իր գլխին եկածը պատմեց «Հրապարակի» լրագրողը։

Լուսինեն նաև նշեց, որ իր վրդովմունքն այն էր, որ ՊՊԾ աշխատակիցները չէ, որ պետք է որոշեն՝ ինչպես պետք է աշխատեն լրագրողները, հատկապես, որ նախարարը չէր առարկել լրագրողի հետ անցնել «Լաչինի միջանցքով» և հընթացս հարցազրույց տալ։ Ընդ որում, ըստ լրագրողի, նախարար Սրբուհի Գալյանն անհաղորդ է մնացել, երբ իր ներկայությամբ ՊՊԾ աշխատակիցները սկսել են կոպտորեն քաշքշել կին լրագրողին, և միջամտելու և անվտանգության աշխատակիցներին սաստելու փոխարեն ընդամենը լուռ հեռացել է։ 

«ՊՊԾ աշխատակիցները հետո ինձ սպառնում էին, թե իբր հասարակական կարգ եմ խախտում ես, ասացին՝ «էնպես մի՛ արա, որ քեզ ԱԺ տարածքից ընդհանրապես դուրս հրավիրենք»։ Դա արդեն հետո ՊՊԾ-ի մեկ այլ աշխատակից էր ասում, հավանաբար՝ կոչումով ավելի բարձր մեկը, քան այն մյուս աշխատողը, որ ճանկռեց թևս։ Եղունգները մտցրել էր թևս, ինձ ակնհայտ ուզում էր ցավեցնել»,- պատմեց Լուսինե Շահվերդյանը։ 

Վահե Մակարյան

1/1826
bottom of page