top of page

Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը. Սուրեն Սուրենյանց

  • Writer: 24timeam
    24timeam
  • 2 days ago
  • 2 min read

Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը, այս մասին հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Գյումրիի ավագանու ընտրություններից հետո, բավականին երկար համբերատար սպասեցի, որպեսզի հետո որևէ մեկը չհանդգնի ինձ մեղադրել՝ բարենպաստ ստատուս-քվոյի ձևավորմանը խանգարելու համար: 

Հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որը գրեթե բացառում է Գյումրիում ՔՊ-ական քաղաքապետ ունենալու հեռանկարը և եկել է որոշ ճշմարտություններ բարձրաձայնելու ժամանակը: 

Ամբողջ քարոզարշավի ժամանակ, ես հարգելի գյումրեցիներին հորդորել եմ՝ չհավատալ հին հեքիաթներին և հեղափոխական ստերին: 

Ավագանու ընտրությունների հենց հաջորդ օրը հույս եմ հայտնել, որ «ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում»: 

Արդարացե՞լ են իմ սպասումները և առհասարակ՝ ինչի՞ մասին էին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները: 

Դրական երկու արդյունք արձանագրվել է՝ ՔՊ-ն, ըստ ամենայնի, չի ունենա տեղական իշխանություն Գյումրիում և երկրորդ՝ մեր հասարակությունն աստիճանաբար սկսում է հավատալ, որ ընտրությունների միջոցով երկրում հնարավոր են փոփոխություններ: 

Հատկապես երկրորդ հանգամանքն անչափ կարևոր է՝ 2026-ի համապետական ընտրությունների համատեքստում: 

Սրանով, սակայն, Գյումրիի ընտրությունների դրական հետևանքը վերջանում է, որովհետև այդ ընտրությունները, մեծ հաշվով, քաղաքական համակարգի ֆիասկոյի մասին էին: 

Գյումրիի մոդելը շատ վատն է, որովհետև դա պատմություն է իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման և տեղական երկու կլանների հաջողության մասին(ի դեպ, այս վիճակը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման ուղղակի հետևանքն է) 

Եթե որևէ մեկը սա համարում է քաղաքական հաջողություն, ապա խնդիր ունի ռացիոնալ մտածողության հետ: 

Քաղաքական ուժերի առաքելությունը պետք է լինի հենց այն, որպեսզի թույլ չտրվի Գյումրիի մոդելի տարածումը երկրում. Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանությունից պետք է հեռացվեն քաղաքական այլընտրանքի կողմից: Այլ խոսքով, հետևանքը չի կարող վերացվել պատճառի միջոցով: 

Ինչի՞ մասին է Վարդան Ղուկասյանի քաղաքապետությունը: 

Դարձյալ կրկնեմ՝ տեղի չունեցան հետընտրական քաղաքական կոնսուլտացիաներ և որպես հետևանք՝ Գյումրիում ունենալու ենք խիստ խոցելի քաղաքային իշխանություն: 

Պատճառները մի քանիսն են. 

1) Վարդան Ղուկասյանն ունի անհատական խոցելիություն, ինչը կամ  իշխանության մոտ  մեծացնելու է «Վանաձորի մոդելը» կրկնելու գայթակղությունը, կամ էլ՝ Ղուկասյանի մոտ արթնացնելու է իր «հեղափոխական» անցյալը վերհիշելու ինքնապաշտպանական բնազդը: 

2) Վարդան Ղուկասյանն ավագանու փոքրամասնության քաղաքապետ է լինելու, որովհետեւ նրան սատարող ընդդիմադիր երեք խմբակցությունները հրաժարվում են նրա հետ կոալիցիա կազմել: Այս հանգամանքը այդ երեք խմբակցություններին չի ազատում քաղաքական պատասխանատվությունից, բայց երաշխավորված ինստիտուցիոնալ ճգնաժամ է ստեղծում քաղաքային նոր իշխանության համար, եթե Ղուկասյանին «օգնության» չհասնի ՔՊ-ն: 

Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե ընդդիմադիր չորս խմբակցությունները գային կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում: 

Այդ կոնսենսուսի հիմքում պետք է լիներ ՔՊ-ին ու կլանային մտածողությունը մերժելը: 

Չի ստացվել: 

Ուրեմն, Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը: Խորհրդարանական ընտրություններից հետո՝ անկախ դրանց արդյունքից, օրակարգում դարձյալ լինելու է Գյումրին՝ նոր արտահերթ ընտրություններով»,- «Տելեգրամ»-ում գրել է Սուրենյանցը:

1/2055
bottom of page