top of page

Ամենայն հավանականությամբ՝ վարորդի աչքը կպել է, բժիշկն էլ ամրակապված չի եղել․ Ռուբեն Գրիգորյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 6 days ago
  • 2 min read

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ շտապօգնության մեքենան լուսադեմին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով վարորդը, նրա կողքը նստած բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկը՝ 1957 թվականին ծնված Հասմիկ Ղազարյանը, ցավոք սրտի, մահացել է։ Այս մասին արդեն գրառում է արել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ իր ցավակցությունը հայտնելով մահացածի ընտանիքին ու հարազատներին և հայտնելով, որ բուժքրոջն էլ վիրահատել են, նա այս պահին գտնվում է ծանր վիճակում։ 

Իսկ ո՞րն է եղել վթարի պատճառը։ MediaHub-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանն ասաց, որ կանչից հետ գալու ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել, նախնական վարկածով՝ վարորդը, ամենայն հավանականությամբ, ղեկին քնել է։ 

«Կանչ ենք ունեցել, կանչն ավարտելուց հետո վերադարձի ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել, ամենայն հավանականությամբ՝ վարորդի աչքը կպել է, կողքը բժիշկն է նստած եղել, հետևը՝ բուժքույրը, բժիշկը մահացել է, բուժքույրը կայուն ծանր վիճակում է, իսկ վարորդի վիճակը ավելի թեթև է՝ միայն կողերի կոտրվածք ուներ, գիտակցությունը տեղն էր»,- ասաց Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ վարորդը սթափ է եղել։ 

Հարցին՝ արդյոք բժիշկն ամրակապվա՞ծ է եղել, Գրիգորյանն ասաց․ «Կարծում եմ՝ ամրակապված չի եղել։ Դրանք բոլորը նախնական տեղեկություններ են, ես տեսագրությունն ունեմ, ինքը սովորական գնում հարվածում է սյանը, որևէ այլ բան չի եղել, 99 տոկոս երկուսի աչքն էլ կպել է այդ պահին, որովհետև դրանից առաջ ինքը շրջադարձ է կատարում ու էդպես գնում հարվածում»։

Հարցրինք նաև, թե այսպիսի դեպքերից հնարավո՞ր է հետևություններ արվեն և, օրինակ, փոխեն վարորդների ու բժիշկների աշխատանքի ռեժիմը, որ ծանրաբեռնվածությունն այդքան մեծ չլինի և անքնության կամ հոգնածության պատճառով վարորդները ղեկին չքնեն։ Գրիգորյանն ասաց, որ այս հարցը միշտ քննարկվել է, բայց պետք է այդքան վարորդ ունենան, որ կարողանան այդքան հերթափոխ ապահովել։ 

«Կամ ինքը պետք է այդ 12 ժամի համար այնքան վարձատրվի, որ մարդ համաձայնվի՝ գա 12 ժամ աշխատի, հետո գնա իր տեղը ուրիշ գա։ Մեկ ուրիշ առիթով այս հարցը մանրամասն կքննարկենք»,- ասաց Ռուբեն Գրիգորյանը։ 

Վահե Մակարյան

1/2063
bottom of page