Տաքսի ծառայության նոր կարգավորումներ են նախատեսվում․ մանրամասներ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստին ներկայացրել է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառման գործընթացը:
Ըստ նրա՝ ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնելու, ոչ մի գործողություն չպետք է կատարեն։ Էլեկտրոնային հարթակները հարկային մարմնին փոխանցելու վերջիններիս տվյալները և ինքնաշխատ եղանակով ստանալու հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և յուրաքանչյուր պատվեր ընդունելիս ու ավարտելիս ինքնաշխատ գեներացվելու է ՀԴՄ։
Իսկ անհատ վարորդները հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ։ Բադասյանը նշել է, որ մեքենայի մեջ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում չի ենթադրում, էլեկտրոնային ՀԴՄ-ն իրենից ներկայացնում է հավելված, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդն ինքը կարող է գեներացնել։ «Ես եմ» էլեկտրոնային համակարգն է գործելու։