Լավրովը մեկնաբանել է Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը
- 24timeam
- Dec 5, 2024
- 1 min read

Հայաստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չեն ստացվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերություններն անցել են անվերադարձի կետը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք լսում ենք այս խոսակցությունները, որ Հայաստանի վարչապետը խորհրդարանում շատ է խոսել և քննարկել այս թեմայով։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Համոզված ենք, որ անդամակցությունից առավելագույնս օգտվելը բխում է Հայաստանի անվտանգության շահերից։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները չեն ձեռնարկել և չեն պատրաստվում ձեռնարկել որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի դռների փակում»,- ասաց նա։
Նախօրեին Փաշինյանը խորհրդարանում կառավարության ժամին ասել էր, որ Հայաստանն իրեն արդեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, հետևաբար չի մասնակցում կազմակերպության ներսում որոշումների և փաստաթղթերի կայացմանը։