Ռադան նոր արտգործնախարար է նշանակել Կուլեբայի փոխարեն
- 24timeam
- Sep 5, 2024
- 1 min read

Գերագույն ռադան այսօր, սեպտեմբերի 5-ին, նշանակել է Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար՝ Անդրեյ Սիբիգային։ Այս մասին տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով ժողպատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի թելեգրամին։
Սիբիգան ծնվել է 1975թ. հունվարի 1-ին Տերնոպոլի մարզի Զբորիվ քաղաքում։
Կրթությունն ստացել է Լվովի Ի.Ֆրանկոյի անվան պետական համալսարանում։ Սովորել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, անգլերենի թարգմանիչ է։ Ավելի ուշ ավարտել է նույն ուսումնական հաստատության իրավագիտության ֆակուլտետը՝ իրավաբանի մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1997թ. որպես Ուկրաինայի ԱԳՆ Պայմանագրաիրավական վարչության պետաիրավական հարցերի բաժնի երկրորդ քարտուղար։
Աշխատել է Լեհաստանում եւ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանություններում։ Եղել է Ուկրաինայի ԱԳՆ եվրոպական ինտեգրման վարչության իրավական եւ հումանիտար համագործակցության բաժնի առաջին քարտուղարը։
Սկսած 2021 թվականից մինչեւ 2024թ. զբաղեցրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Զբաղվել է արտաքին քաղաքականության եւ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերով։
Արդեն այս տարի Սիբիգան նշանակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։