Թալինի պարեկների պատճառnվ դերաuան Մխիթար Ավետիսյանը տեղափnխվել է hիվանդանnց

Դերասան, հումորիստ Մխիթար Ավետիսյանն այսօր Գյումրիից Երևան գալու ճանապարհին տհաճ միջադեպի մեջ է հայտնվել Պարեկային ծառայողների պատճառով, որի հետևանքը եղել է այն, որ Ավետիսյանին վերջում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևանի Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց։
Ավետիսյանը հիվանդանոցում բուժզննում անցնելուց հետո MediaHub-ին պատմեց, որ այսօր ինքն իր Honda Pilot մակնիշի ավտոմեքենայով Գյումրիից Երևան էր գալիս, երբ Գյումրի-Երևան ճանապարհի 68-րդ կիլոմետրին՝ Թալինի մոտ, նրան կանգնեցնում են 2156 բորտի համարով պարեկային ծառայողները (ավտոմեքենան՝ Toyota Fortuner, 145 CO 61 պետհամարանիշով), որ ստուգեն իր մեքենայի ապակիների լուսաթափանցելիությունը։ Ավետիսյանն էլ նրանց տեղեկացնում է, որ մեկ անգամ իրեն արդեն կանգնեցրել են այդ հիմքով, կազմել են վարչական արձանագրություն, որն ինքը բողոքարկել է, և հիմա գործը գտնվում է դատարանում, ուստի պարեկները իրավունք չունեն իրեն նորից տուգանելու, քանի դեռ դատարանի որոշումը չկա, որ ինքը խախտում է թույլ տվել։ Բայց պարեկները համառել են, Ավետիսյանն էլ խնդրել է ցույց տալ օրենքի այն կետը, որով իրենք իրավունք ունեն իրեն նորից այդ հիմքով տուգանելու։
Պարեկները ինչ-որ թուղթ են ցույց տալիս, որ իբրև թե այդ հիմքով կարող են նորից տուգանել։ Ավետիսյանն էլ զանգում է իր իրավապաշտպանին։
«Իրավապաշտպանն ասում է՝ «ձեր ցույց տված կետը ես գիտեմ, էդ կետում չկա լուսաթափանցելիության սահմանված չափ, ուստի էս օրենքի համաձայն՝ չեք կարող որևէ չափ գրանցել, իսկ մեկ այլ օրենքի համաձայն, որը 2022 թվականի դեկտեմբերից դուրս է եկել, այլևս չի գործում, դուք չեք կարող նրան տուգանել»։ Բայց պարեկներն ասում են՝ «ոչ»։ Մոտ 20-25 րոպե խոսելուց հետո գալիս է իրենց վերադասը, ասում է՝ «հեսա օրենքը ես կուղարկեմ»։ Եւս 20-25 րոպե սպասելուց հետո էդ օրենքը չի գալիս։ Նորից զանգում եմ իրավապաշտպանին, նա ասում է՝ «տղաներ, դուք հիմա վարորդի ժամանակն եք խլում, էդպիսի օրենք գոյություն չունի, գնացեք կարդացեք էն, ինչ ես ձեզ հեռախոսով ուղարկել եմ»։ Ասում են՝ «չէ, մենք իրավունք չունենք հեռախոսից ինչ-որ բան կարդալ»։ Ասում է՝ «լավ, տեսագրեք»։ Ընկերս տեսագրում է ամբողջությամբ, բայց ընդհատումներով, բնականաբար։ Պարեկներն ասում են՝ «մենք հիմա մեր իրավաբանին կկանչենք, ինքը կգա, կասի»։ Էդտեղ ևս 40 րոպե անցնում է, այսինքն՝ մոտ մեկուկես ժամ մենք էդտեղ ենք եղել, ես նյարդայնանում եմ, ինձ մոտ սպազմ է լինում, իրավապաշտպանս էլ ասում է՝ «զանգեք շտապօգնություն»։ Պարեկները զանգում են շտապօգնություն, գալիս է, ճնշումս չափում են, տեսնում են՝ 160/100 է, ինձ տալիս են ճնշումս իջեցնող դեղ, և մենք պնդում ենք, որ ինձ տեղափոխեն «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն»,-պատմեց
մեզ Մխիթար Ավետիսյանը:
Բժիշկները ցանկանում են դերասանին տեղափոխել Թալինի ԲԿ, սակայն Ավետիսյանը պնդում է, որ նրան տեղափոխեն Երևան՝ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն։ Այդ ընթացքում պարեկները ցանկանում են Մխիթարի մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, սակայն նորից միջամտում է իրավապաշտպանը՝ նրանց տեղեկացնելով, որ իրենք իրավունք չունեն վարորդի փաստաթղթերը պահել իրենց մոտ և մեքենան էլ տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, քանզի դրա համար ևս օրինական հիմքեր չկան։ Պարեկները համաձայնում են, վերադարձնում են փաստաթղթերը, թույլ են տալիս, որ Ավետիսյանը մեքենայի դռները փակի և շտապօգնության մեքենայով տեղափոխվի Երևան՝ բուժհաստատություն։
«Նորք Մարաշում» Մխիթարը հետազոտություններ է անցնում, իսկ մինչ այդ, երբ հասնում են տեղ, Թալինի ԲԿ-ից ժամանած շտապօգնության բժիշկը նրանից պահանջում է վճարել 45 հազար դրամ՝ Թալինից Երևան տեղափոխման համար, ինչին ևս Ավետիսյանն առարկում է։
«Զանգում եմ նորից իրավապաշտպանին, վերջինս ասում է՝ «Դուք պացիենտին զգուշացրե՞լ եք, որ ինքը պետք է վերջում գումար վճարի», ասում են՝ «չէ», իրավապաշտպանն էլ ասում է՝ «եթե դուք չեք զգուշացրել, ապա չի կարելի մարդուն դնել բարդ վիճակի մեջ»»,- իր գլխին եկածը պատմեց Մխիթար Ավետիսյանը՝ նշելով, որ իրավապաշտապնն ասաց նաև, որ, հատկապես, եթե պարեկներն են կանչել շտապօգնություն, ապա իրենք էլ պարտավոր են վճարել։
Նա շատ վրդովված էր պարեկների վերաբերմունքից, որոնց թերի գիտելիքների և համառության պատճառով ինքը առողջական խնդիրներով ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց։
«Ու էս ամեն ինչը իրենց անփութության, անօրինության, իրենց ոչ կոմպետենտ, օրենքին ոչ ծանոթ լինելու, անգրագիտության, անշնորհքության պատճառով»,- իր վրդովմունքն արտահայտեց մեր զրուցակիցը։
Մխիթար Ավետիսյանը մեզ է տրամադրել նաև իր և պարեկների խոսակցությունից մի հատված՝ տեսանյութով։
Վահե Մակարյան