Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր դեպի անկախություն տանող ճանապարհին և նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները, բաղկացած էր 12 կետից։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան, այսինքն այնպես, ինչպես հանրապետությունը կոչվել էր 1918 թվականին)։ Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ Հանրապետության շրջանը (առաջինր՝ 1918-1920, երկրորդը՝ 1920-1991)։ Կարևոր է նշել, որ թեև Խորհրդային Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում էր և չէր օգտվում իրական պետական անկախությունից, բայց այդ շրջանում ձեռք բերված հաջողությունների հիմքի վրա էր, որ հնարավոր եղավ կյանքի կոչել երրորդ հանրապետությունը։
Հռչակագրի ընդունումից շուրջ 1 տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի արդյունքում ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանը դարձավ ԽՍՀՄ անդամ պետություններից միակը, որ անկախություն ձեռք բերեց բոլոր իրավական փուլերն անցնելով և, ըստ էության, ԽՍՀՄ-ից անջատվեց իրավունքի տառը ամբողջությամբ պահպանած։