top of page

Հաագայի դատարանը բավարարեց Հայաստանի երկու նախնական առարկություններն` ընդդեմ Ադրբեջանի գործում

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

«Դատարանը մասնավորապես գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես, Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայան իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Դատարանը բավարարեց իր՝ ժամանակային և առարկայական իրավազորության վերաբերյալ Հայաստանի նախնական առարկությունները: Արդյունքում, Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ` Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև ենթադրյալ բնապահպանական վնասներին, մերժվեցին ամբողջությամբ։ Դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների և պայթուցիկների վերաբերյալ պնդումներին և արձանագրել, որ Ադրբեջանը ականապատումների վերաբերյալ առանձին պահանջ չի ներկայացրել, հետևաբար Հայաստանի առարկությունը առարկայազուրկ է: Հայաստանը կվիճարկի եւ կապացուցի այդ պնդումների անհիմն լինելը գործի ըստ էության քննության փուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։

1/1824
bottom of page