Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետին աջակցող ցույցերը. հանրահավաքին մասնակցել է 2,2 միլիոն մարդ
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցող ցույցերը։
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը ելույթ է ունեցել ցուցարարների առջև։
«Ես կոչ եմ անում երիտասարդներին օգտվել իրենց իրավունքներից: Դուք ճիշտ եք անում, դուք չեք լռում անարդարության առջև, դուք հավաքվում եք Աթաթուրքի շուրջը», - ասել է Մանսուր Յավաշը:
Էքրեմ Իմամօղլուի մայրը՝ Հավվա Իմամօղլուն, դիմել է ցուցարարներին և հայտարարել. «Ամեն ինչ հրաշալի կլինի. «Իմ որդին ծառայում է պետությանը, նա սիրում է իր ողջ ժողովրդին, ժողովուրդը սիրում է նրան»։
Թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Մալթեփեում հանրահավաքին մասնակցել է 2,2 միլիոն մարդ։ Նրա խոսքերը մեջբերել է AFP-ն, սակայն գործակալությունը չի հաստատել այս թիվը։
Իմամօղլուն դիտարկվում է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ։ 53-ամյա ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին կոռուպցիայի մեղադրանքով։ Առանձին գործով նա մեղադրվում է նաև ահաբեկչության համար։ Ընդդիմությունը սա որակում է «քաղաքական հետապնդում»։