Սարիկ, բա արժե՞ր հանուն քաղաքապետի պաշտոնի ուրանալ հայրենիքը ու վիրավորել գյումրեցիներին
ՔՊ-ի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ենթադրաբար կարդացել էր Գարեգին Նժդեհի խոսքը՝ «որդիները պետք է գերազանցեն հայրերին», կարդացել էր ու...սխալ հասկացել։ Հայտարարելով, որ «Ղարաբաղն այնքան վատ տեղ է, որ գյումրեցիները փող էին տալիս, որ իրենց որդիները չգնան այնտեղ ծառայելու», նա ցանկացավ գերազանցել իր գաղափարական հոր՝ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արտահայտած մտքին՝ «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է», ցանկացավ գերազանցել...ու վիրավորեց բոլոր գյումրեցիներին։
Նա գյումրեցիներին համարեց անհայրենիք, Արցախը մերժող, մասամբ նաև վախկոտ, որոնք փորձում էին ամեն գնով իրենց որդիներին հետ պահել Արցախ գնալուց։ Իհարկե նա չէր ցանկանում վիրավորել գյումրեցիներին, բայց ամեն մարդ իր մտքերն արտահայտում է իր ինտելեկտին համապատասխան։
Իրականում Սարիկ Մինասյանը փորձում է տեղավորվել ՔՊ-ական գծի մեջ։ Վաղը Սարիկի կողմից արտահայտված այս միտքը, որն իրականում իրոք Նիկոլ Փաշինյանի «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է» բարբաջանքի անալոգն է, տարբեր ձևակերպումներով ու փոփոխություններով կտարածվի տարբեր տրամաչափի ՔՊ-ականների կողմից, քանի որ այս ու նմանատիպ բոլոր հայրենադավ մտքերը «իրական Հայաստանի» բաղկացուցիչ մասերն են։
Գեներացնելով նման մտքեր ՔՊ-ն փորձում է լուծել երկու խնդիր. Առաջինը, լեգիտիմ հող ստեղծել Արցախը հանձնելու համար, որովհետև հղում անելը Պրահայի հռչակագրին, վաղուց ապացուցել է իր քաղաքական սնանկությունը ու սովորական քաղաքացիների մոտ, որոնք մինչ այս չէին էլ լսել Պրահայի հռչակագրից, համոզիչ չեն։ Հետևաբար ՔՊ-ականներին անհրաժեշտ է, որպեսզի փորձեն ամեն գնով սևացնել ու արժեզրկել Արցախը, ստեղծել իմիտացիա, որ իբր հայ հասարակությունը Արցախը չէր համարում արժեք, չէր համարում հայրենիք, բացի այդ այն այնքան անպիտան մի վայր էր, որի համար չարժեր կռվել, զոհվել, պայքարել ու պահել հայկական, առավել ևս հասնել նրա անկախությանը։
Հաջորդ խնդիրը, որն իրենց առջև դրել են ՔՊ-ականները, Արցախը գալիք սերունդների պատմական հիշողությունից ջնջելու փորձն է, որը կրկին տեղավորվում է Փաշինյանի «իրական Հայաստան» գաղափարախոսության շրջանակներում, այն է՝ ձևավորել նպատակներից ու երազանքներից զուրկ մի ուտող զանգված։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գալիք սերունդների մոտ ձևավորել այնպիսի պատկերացում, որ ժամանակին եղել է մի հողակտոր, որը մի դժգույն ու վատ տեղ էր ու որի համար իրենց հայրերը անիմաստ պայքարել են, անիմաստ զոհվել ու վերջապես Նիկոլ Փաշինյանի գալով բոլորի աչքերը բացվեցին, ադրբեջանցիների համար վերականգնվեց պատմական արդարությունը, վերադարձրեցին այդ անպիտան հողակտորը, իսկ հայերը հասան իրենց ազգային երազանքին ու սկսեցին ուտել...ուղղակի ուտել։
Ահա սա է Նիկոլ Փաշինյանի նպատակը, որովհետև նա այնքան է խորացել իր ազգադավության մեջ, որ չի բացառվում իր մահից հետո (սա սպառնալիք չէ, յուրաքանչյուր մարդ մահկանացու է) Մելիք Ֆրանգյուլի գերեզմանը կարող է պամամշակութային արժեք դառնա նրա գերեզմանի համեմատ։
Իսկ ո՞րն է Սարիկ Մինասյանի նպատակը։ Վանո Սիրադեղյանը մի պատմվածք ուներ՝ «Ափսոս էր երեխան»։ «Ափսոս էր Սարիկը», բա արժե՞ր հանուն քաղաքապետի պաշտոնի կիսել ազգուրացությունը, արժե՞ր Սարիկ։ Դե հասուն մարդ ես, քո քայլերին պատասխանատու, եթե գտնում ես արժեր, ուրեմն դու նույն ազգադավն ես ու ազգուրացը, ինչ քո գաղափարական հայրը՝ Նիկոլ Փաշինյանը։
Կարեն Կարապետյան