top of page

Պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել․ Աբրահամյան

Պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մասնավորապես նախագահի պաշտոնական ներկայացուցչի շուրթերով կոչ է արվել` արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, որովհետև այդ հնարավորությունը հավերժ չէ:

Պարզ ասած, Ադրբեջանից ասում են, որ չեն պատրաստվում սպասել մինչև 2026-27 թվականները, երբ ՀՀ-ում սահմանադրություն կփոխեն, ուղիղ հասկացնելով, որ իրենց նախապայմանների չկատարման պարագայում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա:

Ադրբեջանից հնչող այս ուլտիմատումն անուղղակի հաստատում է այն կանխատեսումները, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները Բաքվի շտապողականության հետ են կապված և Երևանի դեմ որպես ճնշում են գործածվում:

Իսկ ինչո՞վ է զբաղված հայաստանյան իշխանությունն ու դրա պարագլուխը` հերթական տապալումը արդարացնելու և այլոց դրանում մեղադրելու ավանդական խեղկատակությամբ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ ՀՀ-ին խաղաղության համաձայնության գնալու դրդող գործոններից մեկը գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը։

1/2040
bottom of page