Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է միջազգային համագործակցության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները:
ՀՀ-ում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Գիորգի Շարվաշիձեն կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի քննչական մարմինների միջև առկա սերտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել իրավական փոխօգնության շրջանակներում իրավական պահանջների արդյունավետ կատարմանը, մասնավորապես՝ երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակմանը, օպերատիվությանը:
Արթուր Պողոսյանն անդրադարձել է նաև անցյալ տարի երկու երկրների քննչական մարմինների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրին, որի նպատակը քննության ոլորտում լավագույն փորձի փոխանակումն ապահովելն է:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու շուրջ: