«Բարդակ», դասադուլ թիվ 76 դպրոցում․ 2-րդ դասարանի երեխան ահուսարսափի է ենթարկում բոլորին, ի՞նչ է անելու ԿԳՄՍՆ-ն

MediaHub-ը պարբերաբար ահազանգեր և բողոքներ է ստանում կրթական ոլորտի վերաբերյալ։ Այս անգամ ահազանգը ստացել ենք մի խումբ ծնողներից, որոնց երեխաները իրենց դասընկերոջ պահվածքի պատճառով չեն ուզում դասի գնալ և դպրոցում տևական ժամանակ է բավականին լարված վիճակ է: Տնօրենն էլ, ինչպես հասկացանք, ընդհանրապես իր տեղում չէ՝ որդեգրել է «моя хата с краю» գործելաոճն ու պատսպարվել սեփական աշխատասենյակում։
Բողոքները Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի վերաբերյալ են, որի 2–րդ դասարանի աշակերտի պահվածքն անհանգստացնում է ծնողներին այն աստիճան, որ նրանք չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել դասի, քանի դեռ, իրենց բնորոշմամբ, խնդրահարույց երեխան իրեն շարունակում է այդպես պահել։
«Մի քանի օր է երեխայիս դասի չեմ ուղարկում, ու չե՛մ էլ ուղարկելու, մենք դասադուլ ենք հայտարարել։ Այդ երեխան տեռորի է ենթարկում բոլորին իր պահվածքով։ Իսկ երեխայի մայրը թե՛ մեզ՝ ծնողներիս է սպառնում, թե՛ տնօրենին։ Արդյո՞ք սա նորմալ է, սպառնալիքներ է հնչեցնում բոլորիս հասցեին, ո՞վ կուզենա երեխային ուղարկել այդպիսի միջավայր։ Ասում են, երեխայի ծնողի հանդեպ նույնիսկ քրեական վարույթ կա նախաձեռնված, այս ամենի ֆոնին դպրոց անգամ ոստիկան է հրավիրվել, որ կարգ ու կանոն ապահովի, բայց դա էլ ոչ մի հարց չի լուծում։ Այսինքն, հասկանո՞ւմ եք, 2–րդ դասարանի երեխան և իր ծնողը ուղղակի տեռորի են ենթարկում ամբողջ դպրոցը»,– նշեց ահազանգած ծնողը։
Ապա ավելացրեց, որ դպրոցը բավականին լավն է և ունի հմուտ մանկավարժներ, իր երեխաներից երկուսն էլ այդ դպրոցում են սովորում ու այսքան ժամանակ ինքը ոչ մի կոպիտ և վատ վերաբերմունք չի տեսել։ «Բայց մի ծնողի անպատասխանատու վարքի պատճառով, որը չի ցանկանում սանձել կամ կարգի հրավիրել երեխային, չպետք է տուժի ամբողջ դպրոցը: Թեև, ինչ խոսք, այստեղ կարևոր է նաև տնօրենի դիրքը, որը մենք ուղղակի չենք տեսնում»,- հավելեց ծնողը։
Եվ իսկապես. MediaHub-ը փորձեց կապ հասատատել թիվ 76 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանի հետ, սակայն, այսօր ամբողջ օրը վերջինս ուղղակի խուսափում էր մեր զանգերին պատասխանել, վերջինիս հրահանգով մեզ մեկ փոխանցում էին, թե նա դասալսման է, մեկ վատ է իրեն զգում, մեկ չի կարող խոսել։
MediaHub-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ հետ, հասկանալու, արդյո՞ք նախարարությունը տեղյակ է այս միջադեպից, երբ մի շարք երեխաների կրթություն ստանալու իրավունքը ոտնահարվում է մեկ աշակերտի ու անկարող տնօրենի պատճառով և ի՞նչ են պատրաստվում նախաձեռնել։
«Դպրոցի տվյալ դասարանի ծնողների կողմից երկուշաբթի օրը՝ մարտի 17–ին, ստացել ենք բողոք, որտեղ մի փոքր այլ իրավիճակ է նկարագրված։ Ծնողները նշում էին, որ տվյալ երեխայի և ծնողի վարքագծի հետ պայմանավորված խնդիրներ կան։ Իհարկե, այդ գրության մասով, քանի որ լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է, իրենցից պարզաբանում էինք պահանջել, սակայն, այսօր համացանցում տարածված տեսանյութից պարզ դարձավ, որ ավելի խորքային և երկարատև խնդիրների մասին է խոսքը։
Քայլերը հետևյալն են լինելու. քաղաքապետարանի մեր գործընկերների հետ ամբողջ օրը կապի ենք եղել, և ուրբաթ օրը նախատեսվում է մեծ քննարկում տարբեր մարմինների ներգրավմամբ, որ հարցը և պատճառներն ավելի խորքային և հասկանալի դառնան, ինչպես նաև լուծումները, թե ինչպես պետք է առաջ շարժվի դպրոցն իր գործունեության իմաստով»,– MediaHub–ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Հանրակրթության վարչության պետն ավելացրեց, որ ակնկալում են, որ ուրբաթ օրը վերջնական բոլոր շահակից մարմինների մասնակցությամբ լուծում կունենան։ Այս պահի դրությամբ, ինչպես հայտնեց Սարգսյանը, երեխաների որոշ մասը հաճախում է դպրոց, մի քանի օր եղել է, որ չեն գնացել, բայց այժմ դպրոց հաճախում են։
Ապա նշեց, որ մեկ այլ խնդրի էլ է ցանկանում անդրադառնալ։ «Այն, ինչ պահանջում են ծնողները, անօրինաչափ է և չի կարող դպրոցում նման բան իրականացվել։ Մենք գործ ունենք երեխայի կրթության իրավունքի հետ, և տվյալ երեխան իրավունք ունի կրթություն ստանալ և ուսումնական հաստատությունն ընտրվում է ծնողի կողմից։ Եթե երեխայի դասարանում գտնվելու, վարքագծի, մյուս երեխաների հետ փոխհարաբերությունների մասով առաջ են գալիս խնդիրներ, դպրոցում ունենք մասնագետներ, պարտադիր հոգեբաններ, որոնք աշխատում են դպրոցում, և կան բազմաթիվ մեխանիզմներ, որին դպրոցը պետք է փորձի արձագանքել և հարցի կարգավորման համար ճանապարհներ գտնել:
Այն տեղեկատվությունը, որ ես ստացա և ծնողների նամակում էլ էր գրված, այն է, որ երեխային սկզբից տեղափոխել են այլ դասարան, հետո կրկին հետ են բերել այս դասարան, այսինքն, ի սկզբանե այնպիսի մոտեցում է ցուցաբերվել, որը, մեղմ ասաց, ընդունելի չէ, որովհետև եթե կա դժվարություն երեխայի վարքագծի հետ, պետք է վարքագծի հետ կապված աշխատանք իրականացնել և փորձել ուղղել, այլ ոչ թե երեխային դասարանից դասարան տեղափոխել կամ պայմաններ ստեղծել, որ երեխան դպրոցից դուրս գա, որը բացարձակ անընդունելի է. չի կարող որևէ աշակերտ հանրակրթությունից դուրս մնալ։ Պետք է լիարժեք պատասխան ստանանք, թե որքա՞ն ժամանակ է, որ այս խնդիրն առկա է, իրապես ի՞նչ քայլեր են ձեռնարկվել դպրոցի կողմից, որ խնդիրները կարգավորվեն։ Երկրորդ աշխատանքը լուծմանն ուղղված աշխատանքներն են, որ հասկանանք՝ ի՞նչ կառույցների, ի՞նչ գործընկերների, ի՞նչ մասնագետների շնորհիվ կարող ենք իրավիճակը կարգավորել, որ դպրոցում վերականգնվի այն իրավիճակը, որը պետք է լինի, որ երեխաները դասի գնան և սովորեն առանց մտավախությունների և լարվածությունների»։
Հարցին, թե տեղյա՞կ են, որ խոսակցություններ կան, որ տվյալ աշակերտի ծնողը նույնիսկ ուսուցչի է ծեծել, քրեական վարույթ կա նախաձեռնված, սպառնալիքներ է հնչեցրել, և ոստիկան հրավիրվել դպրոց, տիկին Սարգսյանը նշեց. «Այս պահին դրա մասով ավելի մանրամասն չեմ կարող ասել, քանի որ այդ տեղեկատվությանը տեղյակ եմ և լսել եմ միայն տեսանյութից: Երբ նախարարությունը պաշտոնական պարզաբանումը կստանա, կարող է ավելի մանրամասն ինֆորմացիա փոխանցել»։
Ի դեպ, MediaHub-ին դիմած ծնողները նշել էին, որ լուծում չգտնելու պատճառով նաև պահանջում են, որ տնօրենը հրաժարականի դիմում գրի և դուրս գա աշխատանքից, հարցին, թե արդյո՞ք հնարավոր է լուծումներից մեկը լինի տնօրենի հրաժարականը, ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետը պատասխանեց․ «Եթե պարզվի, որ տնօրենի կողմից իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերը չեն ձեռնարկվել, համապատասխան հետևանքներ կան, որոնք պետք է կիրառվեն, կախված նրանից, թե ի՞նչ պետք է աներ տնօրենը տարբեր իրավիճակներում և ինչքան է արել և չի արել: Այս պահին չեմ կարող ասել՝ ի՞նչ կարող է լինել։ Ծնողները նշում են, որ մի խնդիր է, որն առաջացել է երեխաների դպրոց գնալու պահին, այսինքն՝ երկու տարի է, և պետք է հասկանալ, թե այս երկու տարվա ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել խնդրի կարգավորման ուղղությամբ: Խնդիրը այն էր, որ քայլերը սխա՞լ են եղել և անարդյունավետ, թե՞ օբյեկտիվ պատճառներ են եղել, որի արդյունքում հնարավոր չի եղել կարգավորել իրավիճակը»։
Նշենք, որ MediaHub-ը խնդրի մասով պարզաբանում ստանալու համար դիմել է նաև Երևանի քաղաքապետարան, պատասխանը ստանալուն պես կներկայացնենք նաև այս կառույցի արձագանքը:
Նշենք, որ Քննչական կոմիտեից MediaHub-ին հաստատեցին՝ երեխայի մոր մասնակցությամբ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի, 194-րդ հոդվածի 1-ին մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կա մեկ տուժող:
Մարիաննա Արամյան