top of page

13,500 զինծառայող մասնակցել է ատեստավորման, որից 57%-ը ստացել է դրական գնահատական, աշխատավարձերն ավելացել են 205-470 հազար դրամով. Պապիկյան

Առաջնորդվելով կառավարության ծրագրում առաջադրված խնդիրներով՝ 2024 թվականի ընթացքում պաշտպանության նախարարությունը շարունակել է գործունեությունը զինված ուժերի բարեփոխումների, պաշտպանական կարողությունների, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, միջազգային ինտեգրման գործընթացների համադրման, արհեստավարժ բանակի անցման, ռազմական կրթության, ռեսուրսների համալրման, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով։ Այս մասին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ չնայած՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկությունների, ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացրել և հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը։ Մշակվել է նաև նաև հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, ամբողջացվում է հայեցակարգով սահմանված հանրայնացման ոչ ենթակա կերպափոխման գործընթացի բաղադրիչով բովանդակային նկարագրության մշակման աշխատանքները։ Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ  ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտական տեղակայման վայրերի կառուցման, վերանորոգման աշխատանքներ»,- ասաց նախարարը։

Պապիկյանը նշեց, որ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում պլանավորվել և անցկացվել է արծիվ գործընկեր զորավարժությունը։ Շարունակվել է գործընկերային պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների հետ,  ամենամյա երկկողմ պլանների շրջանակներում։

«Կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնագետների և ստորաբաժանումների մասնակցությունը Կոսովոյում և Լիբանանում միջազգային առաքելություններին, այլ պետությունների և կազմակերպությունների հետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի փոխգործունակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների և խմբերը մասնակցել են յոթ զորավարժությունների և վարժանքների։ Շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13,500 զինծառայող։

Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%-ը ստացել է դրական գնահատական։ Ատեստավորման արդյունքներով, զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205,000-ից մինչև 470,000 դրամով։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումներով ամրագրվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող և պայմանագիր գրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի պահպանումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու և ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգման զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում»,- ընդգծեց նա:

1/2025
bottom of page