Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը:
Սիլվա Մեքինյանը ծնվել է 1930 թ., սովորել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մեծահռչակ մանկավարժներ Դմիտրի Լեգկերի և Վիտոլդ Պորտուգալովի դասարաններում։
1960 թ. նշանակվել է Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի տնօրեն, 1973-1982 թթ. ղեկավարել է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Սիլվա Մեքինյանի ղեկավարության տարիներին թատրոնի խաղացանկը համալրվել է նոր առաջնախաղային ներկայացումներով, կազմակերպվել են հյուրախաղեր տարբեր երկրներում։ 1982-1991 թթ. եղել է Հայկական ՍՍՀ-ի մշակույթի նախարարի տեղակալը։
1988 թ. Մեքինյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակում ստեղծվել է «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը։
Հսկայական է Սիլվա Մեքինյանի ներդրումը պատանի տաղանդավոր երաժիշտների բացահայտման և առաջխաղացման գործում: Նրա ղեկավարությամբ հայ պատանի երաժիշտ-դեսպանները ելույթներ են ունեցել Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և այլուր:
Սիլվա Մեքինյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 19-ին՝ ժամը 17:30-20:00, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից մարտի 20-ին՝ ժամը 13:00-ին: