top of page

ԿԻՆՈՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՐՍՈՆԱԺԻՆ ԼԵԳԵՆԴ ՍԱՐՔԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԼԵԳԵՆԴԻՆ` ՇԱՐՔԱՅԻՆ ԿԵՐՊԱՐ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 14
  • 3 min read

Մարտի 5-ից մեծ էկրան բարձրացավ «Վազգեն․ վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի պատմությունը: Սպարապետի կերպարը մարմնավորում է դերասան Խորեն Լեւոնյանը, Գրետա մայրիկի կերպարը` Մարջան Ավետիսյանը: Ֆիլմի մասին բավականին հակասական կարծիքներ են հնչում: Ոմանք հիացած են ֆիլմով, դերասանների խաղով, սցենարով, ոմանք էլ կարծում են, որ թեպետ հայրենասիրական թեմաներով նկարահանված ֆիլմերն անհրաժեշտ են մեր օրերում, սակայն ֆիլմը հաջողված չէ, պարզունակ է, սպարապետի կերպարը լավ չի ներկայացված, իսկ սյուժեի զարգացումները լավ չեն ներկայացնում նորանկախ Հայաստանի հիմնադրման ակունքներում կանգնած, բանակի հիմնադիր սպարապետ Վազգեն Սարգսյանին: Ֆիլմը նկարահանել է նորաբաց Genetic Production-ը: Սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանն է: Ֆիլմի մասին զրուցել ենք ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ:



- «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմի մասին հակասական կարծիքներ լսեցինք: Ձեր մասնագիտական կարծիքով` հաջողվա՞ծ ֆիլմ էր:


- Վախենամ, որ իմ բոլոր վատ մտավախություններն արդարացվել են: Ես շատ երկար ժամանակ է, ինչ կինեմատոգրաֆի մեջ եմ, որպեսզի այս ֆիլմը նկարողների մասին կարողանամ կարծիք հայտնել: Ես նույնիսկ ֆիլմը չտեսած՝ կարող եմ կարծիք հայտնել ֆիլմի մասին, ծանոթանալով ստեղծագործական թիմին: Դատելով նրանից, թե ով է ֆիլմի ռեժիսորը, ովքեր են արտադրողները, եւ ովքեր են ներգրավված ֆիլմում, կարող եմ ասել, որ թիմը չունի ֆիլմարտադրության փորձ, չունի ֆիլմագրաֆիայի մեջ այնպիսի ստատուս, որ կարողանա նման հերոսին անդրադառնալ: Անգամ նման հավակնություններ ունենալու բավարար փորձ չեմ տեսնում: Սխալ է անդրադառնալ պատմական նման լեգենդար պերսոնաժներին, եթե չունես բավարար փորձ: Վազգեն Սարգսյանը մեծություն է: Ֆիլմի վերնագրի մեջ խնդիր չեմ տեսնում, ես խնդիր եմ տեսնում մասնագիտական անկման մեջ, որն այսօր կա Հայաստանում: Լեգենդար գործիչների մասին միայն այն ռեժիսորները պետք է ֆիլմեր նկարեն, որոնց ֆիլմոգրաֆիան տալիս է նման հիմքեր: Պետք է կարողանալ ճիշտ ներկայացնել լեգենդար պերսոնաժին: Վազգեն Սարգսյանը սովորական մարդ չէ, նա Հայաստանի նորագույն պատմության ամենաառանցքային ներկայացուցիչներից է: Կինոն նրա համար է, որ սովորական պերսոնաժին լեգենդ սարքի, այլ ոչ թե լեգենդին` շարքային կերպար:


- Բայց տարիներ շարունակ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ չեն նկարահանել, սպարապետի եղբոր դուստրն է նման մտահղացմամբ հանդես եկել:


- Դա խոսում է հայկական ժամանակակից կինոյի ողբերգության մասին: Վազգենի նման մարդիկ 100 տարին մեկ են ծնվում: Նրա կերպարին անդրադառնալ կենցաղային մակարդակի ֆիլմով եւ արդարանալ, որ, դե, ուրիշները չնկարեցին, մենք ենք նկարում, անթույլատրելի է: Աշխարհում այդ ֆիլմը դիտելիս չեն նայելու, թե ովքեր են նկարել ֆիլմը, ինչ պայմաններում եւ այլն: Նայելու են այս ֆիլմը եւ ասելու են` սա՞ է հայ ազգի մեծագույն լեգենդը, սա՞ էր ձեր հերոսը: 


- Ֆիլմում տեղ չի գտել Վազգեն Սարգսյանի քաղաքական ուղին, իսկ նա նորանկախ Հայաստանի առանցքային քաղաքական դեմքերից էր, վարչապետ, պաշտպանության նախարար.... ինչո՞ւ է ստեղծագործական թիմը շրջանցել պատմական այդ փուլը, թե՞ նորմալ է, ի վերջո՝ ոչ թե վավերագրական, այլ գեղարվեստական ֆիլմ է ստեղծվել:


- Եթե Վազգեն Սարգսյանի կենսագրությունից հանում ենք նրա քաղաքական կենսագրությունը, նա դառնում է շարքային մարդ: Ֆիլմից սպարապետի քաղաքական կենսագրությունը հանելը ես համարում եմ վատ բան: Կինեմատոգրաֆը նրա համար է, որ հասկանալի դարձնի կերպարի ամենացայտուն դրսեւորումները, հետագայում նաեւ սերունդների համար օրինակ ծառայելով: Նույնն է, թե Խորեն Հովհաննիսյանի մասին ֆիլմ նկարենք եւ որոշենք նրա ֆուտբոլային գործունեությանը չանդրադառնալ: Այդպես կլինի՞, չի լինի, միանշանակ:


- Հայրենասիրական ֆիլմերն ի՞նչ կարեւորություն ունեն մեր իրականության մեջ: Ասում են` այսօր մարդիկ հայրենիքի, հողի, արժեքների մասին ֆիլմեր դիտելու կարիք ունեն:


- Ինձ համար կա լավ ֆիլմ եւ վատ ֆիլմ: Ինձ համար չկա հայրենասիրական կամ ոչ հայրենասիրական ֆիլմ: Ֆիլմը կա՛մ լավն է լինում, կա՛մ` վատը: Հաշվի առնելով մեր հասարակության խոր ապատիկ վիճակը, կարծում եմ, որ՝ այո, պատերազմում պարտված ժողովուրդն ունի քաջալերման կարիք: Այո, մենք պետք է մեր կինեմատոգրաֆի առաջ նման խնդիր դնենք: Այդ հարցով առաջին հերթին պետք է զբաղվի կառավարությունը, սակայն դրա համար բավարար հասունություն է հարկավոր: Ցանկացած պարտություն հոգու կորուստ է, բայց Հայաստանն այս ամենը գիտակցելուց բավականին հեռու է: Եթե այս պայմաններում պետք է ֆիլմ նկարեն, ավելի լավ է` չնկարեն: Հորինված հերոսությունը լավ բան չէ, իսկ Վազգենը ռեալ հերոս է՝ իր լավ ու վատ կողմերով, իր անկեղծությամբ, ողբերգական մահով.... նա հերոսական կերպար է, գտածո է կինեմատոգրաֆի համար, եթե դրանից ստանում են կենցաղային մակարդակի հերոս, ավելի լավ է չանդրադառնալ ընդհանրապես:


- Պատերազմի մասին ունենք ֆիլմեր. «Մի վախեցիր», «Կյանք ու կռիվ», «Գարեգին Նժդեհ», արդեն՝ նաեւ «Վազգեն․ վերջին սպարապետը»: Սրանցից ո՞րն է համեմատության մեջ հաջողված:


- Այդ ֆիլմերի թրեյլերն եմ նայել, ու ցանկություն չի առաջացել, որ ֆիլմը նայեմ, չեն գրավել ինձ: Պատերազմական ֆիլմեր նկարելը շատ բարդ գործ է: Հրեաների ցեղասպանության մասին ֆիլմը` «Շինդլերի ցուցակը», մեծ գործ է, եթե կարող են այդպիսի ֆիլմ նկարել, փառք ու պատիվ իրենց, բայց եթե կենցաղային մակարդակի ֆիլմեր են նկարելու` էմոցիաների վրա ազդելու համար, որովհետեւ մենք` հայերս, կգնանք, կդիտենք եւ կհուզվենք, որովհետեւ դա մեր մասին է եւ հուզական է մեզ համար, շատ քիչ է եւ փաստում է մասնագիտական անկման մասին։





1/2089
bottom of page