Մերձավոր Արևելքը՝ միջազգային թատերաբեմի կիզակետում. պայթյունն անխուսափելի է

Տարածաշրջանում ևս մեկ երկիր է ներքաշվել պատերազմի մեջ, պայթյունավտանգ իրավիճակ է ձևավորվում Իրանի շուրջ, քանի որ տևական ժամանակ հավաքական Արևմուտքի նպատակն է Իրանին լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելը։
Զարգացումներն ավելի վտանգավոր են դառնում Ադրբեջանի նախագահական ընտրությունների ֆոնին, քանի որ իր հաղթանակն արձանագրելուց հետո Ալիևը կցանկանա շարունակել իր այսպես ասած «հաղթարշավը» և ևս մեկ անգամ ցույց տալ, որ խաղաղության անվան ներքո թաքնված է ամբողջ Հայաստանը զավթելու իղձը։ Եվ այդ ժամանակ Իրանը, եթե ներքաշված լինի պատերազմի մեջ, ոչ մի զսպող հանգամանք չի հանդիսանա թուրք-ադրբեջանական տանդեմի համար Սյունիքը զավթելու ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին։
Ալիևի ադմինիստրատիվ ռեսուրսներն ընտրություններից առաջ ուղղված են լինելու ներքին լսարանին գոհացնելուն և ներքին հարցերը կարգավորելուն, իսկ ընտրություններից հետո հարձակման վտանգը կհասնի առավելագույնի, քանի որ Արցախի օկուպացիայից հետո Ալիևը պետք է սահմանի նոր մեծ նպատակ, որը կմատուցի հանրությանը։
Տեսանելի է, որ Իրանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերն ինչ-որ չափով արդեն արդյունք են ցույց տվել, քանի որ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել և բավական լայնածավալ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առանձին հայտարարություններով հայտարարել է, որ նախօրեին գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Սիրիայում ԴԱԵՇ-ի եւ Իրաքում իսրայելական թիրախներին՝ ի պատասխան ահաբեկչական վերջին հանցագործությունների։ Հաղորդվում է, որ բալիստիկ հրթիռների օգնությամբ հարված է հասցվել Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանում «Մոսադի լրտեսների» (Իսրայելական հետախուզական ծառայություն) կենտրոնակայանին։
Միաժամանակ մի քանի պայթյուն է որոտացել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից 40 կմ հյուսիս-արևելք։ Ինքնավար շրջանի իշխանությունները հայտնում են, որ 4 բնակիչ է սպանվել, 6-ը՝ վիրավորվել։
Եթե այսքանից հետո Միացյալ Նահանգների պատասխանը լինի ավելի կոշտ, ապա տարածաշրջանը կհայտնվի պայթյունից հինգ պակաս վիճակում, քանի որ Իրանը, անկասկած, ավելի ուժգին կարձագանքի: Եթե հետևի սիմվոլիկ պատասխան Արևմուտքից, ապա պայթյունը կլինի պարզապես հետաձգված, քանի որ Մերձավոր Արևելքը հայտնվել է միջազգային թատերաբեմի կիզակետում, և պայթյունն անխուսափելի կլինի։