Եկեղեցին կառույց է, որը հակառակվել է իշխանություններին Արցախի հետ կապված հարցերում, հիմա փորձում են քանդել այդ կառույցը․ Լևոն Քոչարյան
Մայր Աթոռի դիմաց այս պահին ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի ակցիա է տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցների մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական ազդեցություն ու իշխանություն չունեն, փորձում են քանդել և իրենց համար նպաստավոր մարդկանց ունենալ այդտեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
«Եկեղեցին կառույց է, որը կարող է իրենց հակառակվել, խոսք ասել, ինչպես տեսանք Արցախի հետ կապված հարցերում։ Նրանք մարդկանց մեջ մտցրել են, որ իրենք չպետք է խոսեն քաղաքականությունից։ Հիմա, եթե մենք խոսում ենք մեր երկրի ապագայից, Արցախից, մեր պատմական իրավունքներից, արդյո՞ք դա քաղաքականություն է, ի վերջո այս ամեն ինչի մասին է եկեղեցին խոսում։ Ի՞նչ անեն, չխոսե՞ն այդ թեմաներից։ Այս դեպքում չխոսելն է սխալ»,- ասաց Քոչարյանը։