top of page

Հետապնդումը անձնական է, իրավական որևէ հիմք չկա. Խաչատուրովի փաստաբան

Այսօր հայտնի դարձավ, որ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ 

MediaHub-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ 

MediaHub-ի հետ զրույցում Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդեց՝ գործը որևէ իրավական հիմք չունի.

«Այս գործը, որ պտտվում է Գրիգորի Խաչատուրովի շուրրջ, իրավական որևէ ասպեկտ չունի։ Մենք ամեն ինչ սպասում ենք, հետապնդումը անձնական է, իրավական որևէ հիմք չկա։ Այսօր մամուլում որպես նորություն է տրված, որ վճռաբեկ բողոք է ներկայացվել, բայց այդ վճռաբեկ բողոքը անցյալ տարվանից կա, մենք էլ դրան պատասխան ենք ներկայացրել։ Այսօրվա հետ կապված որևէ բան չկա»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Նա նկատեց, որ անցյալ տարվանից է բողոքը ներկայացված, որևէ լրատվամիջոց դրա մասին չի գրել, բայց այսօր սկսեցին բոլորը գրել։ Պողոսյանը նշեց, որ չի կարող ասել՝ սա քաղաքական իշխանությունն է «սլիվ» արել ինչ-որ բանին պատրաստվելու համար, թե՞ տեղեկությունը մի քանի օրվա ընթացքում է հասնում հասարակությանը։ 

 «Պարոն Խաչատուրովի նկատմամբ իրականացվողը, իր շուրջ կատարվողը իրավական ոչ մի հիմք չունի։ Դեկտեմբերի 1-ի որոշմամբ նա ազատ է արձակվել, դրա դեմ ներկայացվել է բողոք Դատախազության կողմից, ինչպես նախորդ անգամները մենք էինք ներկայացնում բողոքներ երբ պարոն Խաչատուրովին ազատ չէին արձակում։ Մենք նույնիսկ տեղեկություն չունենք՝ վարույթ ընդունվել է այդ բողոքը, թե ոչ։ Դատելով այդ բողոքից, շատ դեպքերում նմանատիպ բողոքները վարույթ չի ընդունվում Հակակոռուպցիոն վճռաբեկ պալատի կողմից։ Ամեն դեպքում, մենք այս լուրը գիտեինք 1 շաբաթ առաջ, մենք դրան պատրաստվում էինք»,- ասաց Խաչատուրովի փաստաբանը։

Հիշեցնենք, որ Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել դեկտեմբերի 2-ին: Նա մեղադրվում է փողերի լվացման համար



1/1905
bottom of page