top of page

Դե, հանձնեց՝ հանձնեց Արցախը, ի՞նչ ասեմ․․․ 80 տարեկան մարդ եմ, ի՞նչ ես ուզում իմ աղքատ ջանից․ Ծատուրյանը՝ փոխնախարարին

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 15, 2024
  • 4 min read

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, որ այսօր խորհդրարանում ներկայացնում էր պետական պարգևներից և պատվավոր կոչումներ շնորհելու պրակտիկայից հրաժարվելու վերաբերյալ նախագիծ, որպես հիմնավորում թվարկեց մի շարք ժողովրդական արտիստների անուններ, որոնց, ըստ տիկին փոխնախարարի, ոչ ոք չի ճանաչում։

«Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ․․․ Ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկը ընդլայլնել, որևէ մեկս միթե՞ ճանաչում է այս անձանց՝ որպես ժողովրդական արտիստ։ Մեծամասնությունը ժողովրդի, եթե հարցում անեք, իրոք չի ճանաչում»։

Ահա այսպես այսօր խորհրդրաանում փորձեց հիմնավորել պետական պարգևներ և պատվավոր կոչումների շնորհելու պրակտիկայից հրաժարվելու մասին իր ներկայացրած նախագիծը արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Mediahub-ը այս կապակցությամբ կապ հաստատեց փոխնախարարի թվարկած «անճանաչելի» անձանցից առաջինի՝ Նիկոլայ Ծատուրյանի հետ։

-Պարո՛ն Ծատուրյան, հետևո՞ւմ եք Ազգային ժողովում ընթացող քննարկումներին։-Չէ հա, ես բանուգործ չունե՞մ։

-Ինչո՞ւ, մեր երկրի Ազգային ժողովն է, որտեղ ժողովրդական կոչումներից հրաժարվելու մասին նախագիծ են ներկայացնում։-Ի՞նչ են ուզում՝ լրիվ հանե՞ն։ 

-Արդարադատության փոխնախարարը՝ Արմենուհի Հարությունյանը, չգիտեմ՝ ճանաչո՞ւմ եք իրեն, էդպիսի կին կա էնտեղ․․․-Չէ, ինքը ինձ չի ճանաչում, ես էլ՝ իրեն։

-Փաստորեն, տեղյակ չեք։ Ինքը Ձեզ չէր ճանաչում և թվարկեց Ձեր անունը, Դավիթ Բաբայանի անունը, Փարավոն Միրզոյանի անունը, Վլադիլեն Բալյանի անունը և էլի այլ անձանց անուններ և ասաց՝ այդ մարդկանց ո՞վ է ճանաչում, որ իրենք ժողովրդական արտիստ են-Դե, լավ, եթե ինքը չի ճանաչում, ուրեմն մարդիկ չե՞ն ճանաչում։ Քանի՞ տարեկան ա էդ կնիկը։

-Չգիտեմ, չեմ հարցրել, տեսքից դատելով՝ երեսունն անց է երևում։-Հաաա, լավ։ Իսկ ուզածը ի՞նչ ա։

-Ուզածն այն է, որ շատերին ժողովրդական արտիստի կոչումը քաղաքական ենթատեքստով են տվել նախկին իշխանությունները։ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ մեկը գնացել երգել է ինչ-որ մեկի հարսանիքին, ու «ժողովրդական արտիստ» են տվել։-Ես ոչ մեկի հարսանիքին ոչ ներկայացում եմ բեմադրել, ոչ բան եմ արել։ Ես բեմադրություններ եմ արել, աշխատել եմ, հիմա էլ շուտով ութսուն տարեկան եմ դառնում, երեք բեմադրություն եմ անում։

-Իրենք ասում են, որ ժողովրդական արտիստնեի մեծ մասը կա՛մ հարսանիքներին երգել են, կա՛մ ծառայություններ են մատուցել իշխանություններին, հաճոյացել են նրանց, քծնել են, լավ են ծառայել, դրա համար էլ «վաստակավորի» և «ժողովրդականի» կոչում են ստացել։-Ես նորից եմ ասում՝ ոչ մեկի բանին չեմ մասնակցել, ես ընդհանրապես աշխատում եմ քաղաքականությունից հեռու մնամ։ Հիմա էլ ես դեմ եմ բոլոր չորս նախագահներին, որոնք եղել են և կան։

-Իսկ գործող վարչապետին դե՞մ չեք, պարոն Ծատուրյան։-Բոլորին եմ դեմ։

-Բայց ժամանակին դեմ չէիք, 2018 թվականից հետո Դուք ակտիվորեն պաշտպանում էիք Նիկոլ Փաշինյանին։-Այո, պաշտպանում էի, բայց հետո տեսա՝ ահագին բաներ չի անում, որոնք պետք է աներ, և դրա համար էլ հիմա նենց առանձնապես չեմ երկրպագում, մեղմ ասած։

-Իսկ ի՞նչ պետք է աներ, որ չի անում, օրինակ՝ Արցախի հարցը լուծեց, բարեհաջող հանձնեց՝ այլևս Արցախի խնդիր չունենք, ճանապարհները նորոգում է, թոշակները բարձրացրել է, ի՞նչ վատ բան է արդել էդ մարդը։-Ճիշտ չի կազմել իր կաբինետը։

-Իսկ Արցախի մասով, որ այս ամեն ինչը իր օրոք եղավ և իր ձեռամբ, Ձեզ մտահոգո՞ւմ է, առհասարակ։ -Ի՞նչը։

-Դե, որ Արցախը հանձնեց, այ դա Ձեզ մտահոգո՞ւմ է։-Նախ նա չի հանձնել, դրանից առաջ են հանձնել, դրա համար էլ ասում եմ՝ բոլոր չորսն էլ մի բան չեն։

-Դուք ինձնից մեծ եք՝ ավելի լավ կիմանաք, դրանից առաջ ո՞վ էր հանձնել ու ե՞րբ էին հանձնել։-Երբ որ արդեն էն ժամանակ խոսակցություն էր գնում՝ Արցախը հանձնեին, Մեղրին չգիտեմ ինչ անեին, բան, եթե հիշում ես, իհարկե, էդ վախտվանից ամեն ինչ սկսվում ա։ Հետո, գիտե՞ս ինչ, այ էս ամբողջ էս խնդիրները ինձ մոտ միայն իրոնիա են առաջացնում։ Փոխանակ հիմա շատ ավելի հրատապ հարցեր կան, որոնց պետք է իսկապես անդրադառնան և լուծեն՝ դա Հայաստանի պաշտպանությունը, զենքի ձեռքբերումը, եկել ընկել են տենց բաների հետևից։ Այ մարդ, սա ինչ խնդիր ա հիմա։

-Իսկ Արցախը պե՞տք չէր պաշտպանել, Արցախն էլ մեր հայրենիքի մի մասն է, կարելի էր, չէ՞, պաշտպանել։-Է, թող պաշտպանեին, ի՞նչ անեմ։

-Դե, հանձնեց մարդը, չպաշտպանեց։-Դե, հանձնեց՝ հանձնեց, ի՞նչ ասեմ։

-Ուղղակի, Դուք ասում եք, որ նախկիններն են հանձնել, ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ՝ եթե նախկիններն են հանձնել, ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում։-Ութսուն տարեկան մարդ եմ, ի՞նչ ես ուզում իմ աղքատ ջանից։

-Ուզում եմ, որ վայելեք «ժողովրդական արտիստի» Ձեր կոչումը և երկար ապրեք, որ տեսնեք, թե այս իշխանությունը էլ ինչ է բերում մեր գլխին։ -Վայելելը պիտի լինի արվեստի բնագավառում, ես քաղաքականության մեջ ինչի՞ պիտի մտնեմ։ Ես քաղաքական գործչին հարցնո՞ւմ եմ, թե միզանսցենն ինչ ա, էմոցիոնալ հիշողությունը որն ա, մի խոսքով՝ իմ տերմինոլոգիան հարցնո՞ւմ եմ։

-Ուղղակի, Դուք էլ, որ մի պահ պաշտպանում էիք քաղաքական գործիչներին, գնահատականներ էիք տալիս, դրա համար մենք էլ Ձեզ հարցնում ենք։-Ես միակ բանը, որ ասել եմ՝ զինվել, որ կարողանանք պաշտպանվել։ Դա է ամենակարևորը, որը չենք անում, հիմա ընկել ենք կոչումների հետևից։ Դրա վախտը չի, էլի, հաստատ վախտը չի։ Էդ նույնն ա, որ իմ տունը քանդվում ա, ես մտածեմ պլինտուսների մասին, հլա պիտի պատեր կանգնեցնեմ, առաստաղ քաշեմ, բան, ոչ թե պլիստուսով զբաղվեմ։ Հիմա իրենք պլինտուսով են զբաղված։

-Պլինտուսով չէ, երևի կախիչը նկատի ունեիք, էս վերջերս կախիչներն էին «մոդա»։-Դե, երևի, էլի, ես չգիտեմ։ Էս էնքան անլուրջ ա, որ չեմ կարողանում ինչ-որ լուրջ բաներ խոսեմ։ Հետո, էդ աղջիկը, որ․․․ արդարադատությունը ի՞նչ գործ ունի, գոյություն ունի կրթության և մշակույթի նախարարություն, նրանք պիտի զբաղվեն, ի՞նչ գործ ունի էդ կնիկը, որ եկել ընկել ա էս արիշների մեջ։

-Այդ հարցը ընդդիմադիր պատգամավորներն էլ էին տալիս։-Դե, ուրեմն էդ բոլոր պատգամավորներին ա պետք տեղը նստացնել, ի՞նչ ասեմ։

-Դե, նստած են, ի՞նչ վատ են նստած։-Հա, լավ էլ նստած են, շատ լավ են նստած։

-Ամեն դեպքում, մի դրական նորություն կա, պարոն Ծատուրյան, նախկինում ժողովրդական արտիստի կոչում ստացածները դրանից չեն զրկվի, Ձեզ չեն զրկի դրանից։-Բա որ չեն զրկի՝ ի՞նչ են քննարկում։

-Հիմա քննարկում են, որ հետագայում այլևս չշնորհեն որևէ մեկին այդպիսի կոչում։-Իսկ խի՞ էին որոշել էդ բանը։

-Չգիտեմ, ասում են, որ նրանք բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարում են, առողջ մրցակցությանը խանգարում են, և այդ կոչումները շնորհելով չէ, որ այդ մարդիկ պետք է գնահատվեն։-Բա հիմա մեզնից ի՞նչ են ուզում՝ Վլադիլեն Բալյանից, Ծատուրյանից․․․

-Ձեզ ուղղակի չեն ճանաչում, թե չէ կուզեին։-Դե, թող ճանաչեն, ես ի՞նչ անեմ, թող գան թատրոն, որ ճանաչեն, ո՞նց պիտի ճանաչեն։

-Դե, չեն գալիս, Ազգային ժողովով բավարարվում են, էլ թատրոն չեն գալիս։-Մի խոսքով, անգրագիտություն է չորս կողմը տիրում, որովհետև դրանք թատրոն էլ չեն գալիս։

Վահե Մակարյան

1/2069
bottom of page