Կառավարությունից պահանջում են Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպել Օպերայի թատրոնում, իսկ մարմինը հանգչի Պանթեոնում կամ Եռաբլուրում
- 24timeam
- Feb 7, 2024
- 1 min read

Ֆեյսբուքում նախաձեռնություն է սկսվել․ ՀՀ կառավարությունից պահանջում են, որ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։
Կարծում եմ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ամենայն հայոց Պարապետ Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը պիտի տեղի ունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք ազգովի պիտի նրան ճանապարհենք դեպի հավերժի լույսը՝ ՀՀ-ում ավանդաբար ընդունված ամենաբարձր մակարդակի վայրից։
Եվ իհարկե, նա արժանի է, որ իր մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում ննջող մեծերի կողքին, կամ Եռաբլուրում։ Նա իր կյանքով և գործունեությամբ արժանացել է դրան։
Ովքեր կիսում են այս մոտեցումը, կոչ եմ անում կիսվել այս գրառմամբ, կամ իրենց հարթակներում ևս շրջանառել այս գաղափարը»,-նշում է նախաձեռնության հեղինակ Տիգրան Արեգունին։ Գրառումը բավական տարածում է ստացել։